Titulo de articulo: Freelance and getting other extra earnings | Fecha de creacion: 11/06/2016 | Ultima actualizacion: 11/06/2016 | Idioma: Armenian | Categoria: Translation | Rango de TranslatorPub.Com: 0 | Vistas: 2785 | Comentarios: 0 | Valoracion: 0, Puntaje promedio: 0 (10 Max)
| Texto:
Ֆրիլանս և եկամուտ ստանալու այլ ձևեր
Բնագավառը` Համացանցային տեխնոլոգիաներ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս զարգացման մակարդակը հնարավորություն է տալիս մասնագիտական գործունեություն ծավալել աշխատանքային հարաբերությունների հնացած համակարգից դուրս: Հարգելի ընթերցող, ողջունելի է ձեր փորձի մասին քննարկումներն ու այլ հրապարակումները այս թեմայի շուրջ...
Ֆրիլանսի ո՞ր տիպին եք պատկանում
Ֆրիլանսեր դառնալու շատ տարբեր շարժառիթներ կան: Համոզված եմ, որ յուրաքանչյուր ֆրիլանսեր, կարդալով այս հրապարակումը, կգտնի իր անձնական պատճառը և մղումները, ինչը նրա համար հիմք հանդիսացավ սկսել իր գործունեությունը: Եթե դուք կարդում եք այս հոդվածը և հույս ունեք գտնել որոշ խորհուրդներ ֆրիլանս գործունեության վերաբերյալ, ապա պետք է, որ որոշակի մտահաղացումներ ունենաք, որոնք պահանջվում են եկամուտ վաստակելու այս ձևում կայանալու և ավելի հմուտ դառնալու գործերում:
Տարիների փորձը հուշում է, որ սովորաբար մի քանի ընդհանուր պատճառներ են դրդում մարդկանց աշխատել տանը: Պատճառը, որ մղել է ձեզ զբաղվել ֆրիլանսով, ամենայն հավանականությամբ, որոշիչ է գործունեության ընտրության, բիզնեսի կառավարման և ֆրիլանսերի տեսակի ընտրության հարցերում:
Փաստացի, շարժառիթների ցանկը, ընդհանուր առմամբ կարելի է նեղացնել` նշելով 4 (չորս) տեսակի ֆրիլանսերների: Որոշ ընթերցողներ կտեսնեն, որ իրենց բնորոշ է մեկ տեսակի ֆրիլանսերի բնութագիրը, մինչդեռ մյուսներին կհատկանշի այլ տիպի ֆրիլանս գործունեությունը: Սակայն, կարծում եմ, որ դուք կկարողանաք օգուտ քաղել նման ընդհանրական ինքնավերլուծությունից, որն երբեք ավելորդ չէ:
Ֆրիլանսերների չորս տեսակները
Առանձնացնենք ֆրիլանսերների չորս տեսակները` ըստ հիմնական շարժառիթների.
1. Սիրողական ֆրիլանսերը, որպես կանոն, կես դրույքով (օրվա կեսը) աշխատող ֆրիլանսերն է: Նմանատիպ աշխատողներն հույս ունեն լրացնել իրենց եկամուտները կանոնավոր ֆրիլանս գործունեության միջոցով: Նրանք կարող են նաև ժամանակավոր աշխատակիցներ լինել գրասենյակում, բայց ամբողջովին նվիրվել ֆրիլանս գործունեությանը: Վերջինններիցս ոմանք զբաղվում են ֆրիլանս գործունեությամբ երկար տարիներ, մինչդեռ մյուսներն որոշ ժամանակ աշխատում են հեռակա, ապա առաջ են շարժվում: Սիրողական ֆրիլանսերը, այնուամենայնիվ, կարող է հայտնվել մի իրադրության մեջ, երբ պոտենցիալ հաճախորդը մտավախություն կարող է հայտնել, թե վերջինս պատշաճ կերպով չի արձագանքի իր ծրագրի պահանջներին:
2. Իդեալիստ - Իդեալիստը ցանկանում է բարելավել ֆրիլանս գործունեության ոլորտը: Նա ֆրիլանս գործունեության մեջ տեսնում է հնարավորություն մասնակցելու այն գործերին և շարժումներին, որոնք կարող են նշանակալի դեր ունենալ աշխարհում: Այս տեսակի աշխատողն ավելի քիչ է հետաքրքրված փառքի ձեռք բերմամբ և հարստությամբ, մինչդեռ այլ ֆրիլանսերների համար սրանք հիմնական գործոններ և շարժառիթներ են: Այս տեսակի համար թույլ կողմն այն է, որ նրանք, երբեմն, պետք է հարկադրված լինեն անտեսել իրենց սեփական շահերը:
3. Բալանսավորող – Բալանսավորող են դառնում այն ֆրիլանսերները, ովքեր փորձում են հավասարակշռություն ստեղծել իրենց անձնական կյանքի և աշխատանքային գործունեության միջև: Չնայած նրանք մասնագիտական կարիերայի աճին լուրջ են վերաբերում, սակայն, միևնույն ժամանակ, չեն ցանկանում հրաժարվել անձնական ժամանակից` հաջողության հասնելու համար: Նրանց մեծամասնությունը ծնողներ են, որոնց խնամքի տակ կան երեխաներ կամ ընտանիքի այլ անդամներ: Նրանք միշտ պայքարում են իրենց ժամանակի արդյունավետ օգտագործման համար, քանի որ սա է բալանսավորման այն բանալին, որին նրանք այդքան եռանդով ձգտում են:
4. Իմպերիալիստ - Իմպերիալիստն իր կարիերան սկսում է որպես ֆրիլանսեր, սակայն հույս ունի դուրս գալ ֆրիլանս գործունեության շրջանակներից և հասնել ինչ-որ լավ և մեծ արդյունքի` որքան հնարավոր է շուտ: Շարժառիթներ կարող են հանդիսանալ փողը, կամ էլ իշխանության հասնելու ձգտումները: Կան բազմաթիվ հրապարակումներ և գրականություն` նվիրված ֆրիլանսերներին, որտեղ իմպերիալիստները կարող են գտնել մի շարք օգտակար խորհուրդներ:
Հիմա, երբ առանձնացրեցինք չորս տեսակի ֆրիլանսերներին` ըստ իրենց շարժառիթային սկզբունքների, Ձեր համար էական է դառնում, թե որ տիպին եք Դուք դասվում:
Ինչո՞ւ է սա էական
Այսպիսով, թե որն է քո շարժառիթը, հանդիսանում է հիմնական հարցերից մեկը: Ըստ էության, սա շատ կարևոր է: Մոտիվացիայի սահմանում տալն անհրաժեշտ է ձեր բիզնես պլանի մշակման և իրագործման, նոր հաճախորդի ձեռք բերման և նրան առաջարկվելիք ծառայությունների տեսակի որոշման համար:
Ֆրիլանսերը, որ տարված է անձնական կյանքով, չի կարող լիովին աշխատել հաճախորդի համար, որը նրանից սպասում է շուրջօրյա աշխատանք, եթե նույնիսկ հաճախորդը նրան բարձր աշխատավարձ կամ բիզնես հեռանկարներ է առաջարկում: Բացի այդ, ֆրիլանսերը, որ փորձում է աշխարհն ավելի լավը դարձնել, չի ցանկանում շատ ժամանակ ծախսել կորպորատիվ հաճախորդների վրա, որոնց գործունեությունը հիմնականում առևտրի և իրացման ոլորտից է:
Երբ դուք կորոշակիացնեք, թե ինչն է կարևոր ձեր համար, որպես ֆրիլանսերի, անհապաղ կարող եք սկսել և զարգացնել ձեր բիզնեսը, որի մասին միշտ երազել եք: Սկսեք բիզնես ծրագրի (պլանի) ստեղծումից, որը լիովին կհամապատասխանի ձեր պահանջներին: Այնուհետև, անցեք այն թիրախային հաճախորդների որոնման աշխատանքներին, որոնց հետ աշխատելն առավել շահավետ է ձեր համար: Ի վերջո, որոշեք, թե ինչ ծառայություններ կընդգրկեք ձեր բիզնես պլանում, որպեսզի առավելագույնս բավարարեք կատարյալ հաճախորդի կարիքները:
Համբարձում Հարությունյան Երևան, 03 հուլիսի 2013 թ. |
|